Ձմեռվա իրիկունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ձմեռվա իրիկունը

Ալեքսանդր Պուշկին

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի


ՁՄԵՌՎԱ ԻՐԻԿՈՒՆԸ


Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան.

Մին՝ վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին՝ ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում։

Մեր խըրճիթը աղքատ ու հին,

Ե՛վ մըթին է, և՛ տըխուր.
— Ի՞նչ ես նըստել պատի տակին,
Իմ պառավըս, էդպես լուռ։
Հոգնե՞լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,

Թե՞ նիրհում ես քո իլիկի
Բըզզոցի տակ միալար։

Արի խըմենք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,

Սիրտներըս բաց կըլինի։
Երգի՛ր, ո՞նց էր ապրում խաղաղ
Հավքը ծովի էն ափին,
Երգի՛ր, ո՞նց էր աղջիկը վաղ
Ջուրը գնում մինչ արփին։

Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան։
— Արի խմենք, բարի ընկեր

Իմ սև՜, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բեր,
Սիրտներըս բաց կըլինի։